ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի անցումային թիմում ամենաազդեցիկ անձ համարվող գործարար Իլոն Մասկը և ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչ Ամիր Սաիդ Իրավանին Նյու Յորքում քննարկել են Վաշինգտոնի ու Թեհրանի հարաբերություններում լարվածությունը նվազեցնելու ուղիները։ Նրանք դրական են որակել բանակցությունները և ասել, որ սա «լավ նորություն» են համարում։               
 

Գյուլի հետ ֆուտբոլ նայելով հարց չես լուծի

Գյուլի հետ ֆուտբոլ նայելով հարց չես լուծի
25.07.2008 | 00:00

ՏՆՏԵՍԱՊԵՍ ԷԼ Է ՆՊԱՏԱԿԱՀԱՐՄԱ՞Ր…
«Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղին տնտեսապես աննպատակահարմար է, այն չի կառուցվի»,- նույնիսկ մի քանի ամիս առաջ փրփուրն ի բերան պնդում էին մեր իշխանությունների վարած անհեռատես քաղաքականությունն արդարացնել փորձող որոշ «փորձագետներ», մոռանալով, որ Բաքու-Ջեյհան գազամուղի պլանավորման ժամանակ էլ էին նույնն ասում, ինչը բոլորովին էլ չկասեցրեց դրա կառուցումն ու շահագործումը…
Հա, բայց այն ժամանակ ԱՄՆ սենատը քննարկումներ չկազմակերպեց ու շատ կոնկրետ իր տեսակետը չասաց այն մասին, որ այդպիսով Հայաստանը մեկուսանում է ընդհանրապես, և որ իրենց բանկերը քոռ կոպեկ էլ չեն տա այդ ծրագրի համար, շարունակում էին պնդել «փորձագետները»` մոռանալով, որ ի տարբերություն Քոչարյանի, հիմա էլ` Սարգսյանի, Բուշն Ալիևին օվալաձև սենյակում էր ընդունել՝ այդպիսով ի լուր աշխարհի հաստատելով նրա իշխանության լեգիտիմությունը, և հետո բացառված չէ, որ այդ ծրագրում ԱՄՆ-ն առանձնապես հետաքրքրված չէր և այդ իսկ պատճառով շատ հանգիստ հերթական «տնտեսական ծրագիրը» զիջեց եվրոպացիներին: Մանավանդ որ Ալիևը շատ հստակ էր պատասխանել Սենատի որոշմանը. հո մենակ դո՞ւք փող չունեք, այ ձեր ցավը տանեմ, Եվրոպա կգնանք, հեչ չլինի` Չինաստանից կբերենք…
Չգիտենք, իհարկե, թե Չինաստանն ինչու էր հանկարծ այդ փուլում հետաքրքրվել այդ ծրագրով, բայց հայկական երկաթուղու (այժմ, բնականաբար, ռուսականացված) այն պնդումները, թե` լավ, էլի, քարը փեշներիցդ թափեք, որ րոպեին ասեք, 14 կմ-ով հատված է Ախուրյանում ընդամենը, արագ կդզմզենք, գործի կգցենք, էլ ինչի՞ եք էդքան «պավարոտներ անում»` էս կարճ ճամփեն թողած, արդեն միայն ծիծաղ ու արհամարհանք էին շարժում, ոչինչ ավելի…
Եվ այսպես, մինչև 2008 թվականի հուլիսի 24-ը, այսինքն` Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու թուրքական հատվածի հանդիսավոր բացման օրը, որին ներկա պիտի լինեին նաև Ադրբեջանի, Վրաստանի նախագահները (ասում ենք` ներկա պիտի լինեին, որովհետև նյութն ավելի վաղ գրվեց, քան արարողությունը պիտի լիներ): Ճակատագրի հեգնանքով սույն արարողությունը, որ կատարվելու էր ամենաբարձր մակարդակով, և որին երկրում հավատարմագրված ողջ դիվանագիտական կորպուսն էր մասնակցելու, մեզանից ահագին էլ «մոտիկ» էր լինելու` Կարսում, և երբ այս ֆոնին, Քոչարյանի բառապաշարով ասած, Գյուլի հետ «քիրվայություն անելու»` Սերժ Սարգսյանի խնդրանքներն ես հիշում, չգիտես էլ ինչ դիրքորոշում ունենաս, որովհետև ինչպես որոշ արևմտյան փորձագետներ են նշում` իսկ Թուրքիայի ինչի՞ն է պետք հիմա Հայաստանի հետ նորմալ հարաբերություններ հաստատել և բացել սահմանները: Եթե այդ երկիրը, այսինքն` մենք, նախկին արտգործնախարարի շուրթերով օրումեջ հայտարարում էր, թե իրենք արդեն «սովորել են յոլա գնալ, իսկ իրենց ձևակերպմամբ` զարգանալ շրջափակման պայմաններում», Գյուլն էլ սովորեց Ադրբեջանի ու Վրաստանի հետ միասին «յոլա գնալ առանց Հայաստանի»:
Բայց գանք երկաթուղուն և ընթերցողին հիշեցնենք, որ Հայաստանը շրջանցող այս հերթական նախագծի մասին պայմանագիրը հիշյալ երեք երկրները ստորագրել էին 2007-ի փետրվարի 8-ին (եթե նաև հիշատակենք այն փաստը, որ համաձայն ադրբեջանականա աղբյուրների` մինչև տարվա վերջ իրենց և վրացական հատվածն էլ պատրաստ կլինի, կարելի է եզրակացնել, թե ծրագիրն ինչ զարմանալի արագությամբ կյանքի կոչվեց, և թե այն ինչքան է կարևորվել նախագծողների կողմից): Ըստ այդմ` կառուցվելու էր 105 կմ-ոց մի նոր մագիստրալ, որից 29 կմ՝ Վրաստանի տարածքում, 76` Ադրբեջանում, իսկ այդ ամբողջի արժեքը 380 մլն թուրքական լիրա էր հաշվարկվում: Համաձայն նախնական պլանավորումների` առաջին տարվա ընթացքում այս երկաթուղով կտեղափոխվեն մոտ 3 մլն տոննա բեռներ, հաջորդ երկու տարվա ընթացքում` 5 մլն, իսկ արդեն 2015-ին` 15 մլն տոննա:
Հետաքրքիրն այն է, որ երբ հայկական կողմը փորձեց վրացիներին «տակից ամոթանք տալ», թե` բա չեք ամաչո՞ւմ, ինչքա՞ն կարելի է միակ քրիստոնյա հարևանին անընդհատ և այսքան դաժանորեն «քաշել», նաև, որոշ լուրերի համաձայն, երբ կարողացավ լոբբինգ անել Վրաստանի խորհրդարանում` «երկաթուղու տնտեսական աննպատակահարմարության և Վրաստանի` ոչինչ չշահելու» հաշվով, ադրբեջանական արձագանքը չուշացավ: Ալիևը «զուտ արևելյան իմաստնությամբ» շատ արագ գլխի ընկավ, որ Սաակաշվիլին հերթական անգամ իրեն «թանկ է ծախում» և որ ամենաօյինբազն է` կրկին հայերիս միջոցով: Դե, եթե ուզածն այդ էր, տրվեց. Ադրբեջանն իր նավթային փողերից ուղիղ 220 մլն դոլարի վարկ տվեց Վրաստանին 25 տարի ժամկետով և տարեկան…ընդամենը 1%-ով, միայն թե «հայկական լոբբին» ձենը կտրեր: Կտրեց, իհարկե: Բայց երբ տեսավ, որ դրանից անմիջապես հետո Սաակաշվիլին պարտքը թողեց պետության վզին ու երկաթուղին սեփականաշնորհեց, որոշ տեղեկությունների համաձայն` հայտնի Խաինդրավայի դեմքով, գլխին տվեց, թե` «արա, բա խի՞ էն հայերին էլի փուռը տվինք, էլի խաբեցին մե՞զ, արա»: Պակաս «դիլխոր չէր» նաև պետնախարար Կախա Բենդուկիձեն, ում, ասում են, երջանկահիշատակ Անդրանիկ Մարգարյանը ահագին համոզել էր, որ հանդես գա ծրագրի տնտեսական աննպատակահարմարության դիրքերից, և ով ոնց որ թե որոշ «արտոնություններ էր ստացել» Հայաստանում: Կոնկրետ ի՞նչ, չկարողացանք պարզել: Մյուս կողմից էլ որոշ լրաբերներ մեզ բացատրում են, որ սույն «անհարմարությունը» մարդիկ միայն որոշ ժամանակ են ունեցել, որովհետև «հետո հասկացել են, որ սույն պրոյեկտում մասնակցելով` իրենք ուղղակի փրկում են իրենց երկաթուղու կապիտալիզացիան, որ ախմախ քաղաքականության արդյունքում հավասարեցրել էին զրոյի։ Բացի այդ, հիմա երկաթուղու սեփականատիրոջ հետ բանակցություններ են գնում ադրբեջանական վարկի գոնե կեսը իր վրա վերցնելու մասով»: Բա՞…
Ինչ վերաբերում է Ադրբեջանին, կարելի է նույնիսկ չքննարկել. այս նախագիծը, այլ խոսքերով` Հայաստանը հերթական անգամ մեկուսացնելու վայելք-ծրագիրը Ալիևն ամեն գնով էր պատրաստ և պատրաստ է իրականացնելու, և հարցն անգամ տնտեսական նպատակահարմարությունը չէ: Այդպես է, և վերջ:
Դե, Թուրքիան էլ` ինչպես Թուրքիան: Օրերս այս երկրի «Կապիտալ» թերթում հրապարակվել էր հարցազրույց տրանսպորտի նախարարի հետ, որում, գնահատելով նախագծի դերը, հետևյալն է ասվում. «Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղին կարևոր նախագիծ է, որը միացնում է ոչ միայն Թուրքիան, Ադրբեջանը և Վրաստանը, այլև ողջ աշխարհագրությունը, որ անցնում է Կովկասից մինչև Ղազախստան, ընդհուպ մինչև Չինաստան (իսկ մենք ասում էինք` տեսնես Չինաստա՞նն ինչու էր հետաքրքրված, որ փող տար Ալիևին – հեղ.), Եվրոպա…Այս նախագիծը միացնում է Կովկասը Կենտրոնական Ասիային, Հեռավոր Արևելքը` Եվրոպային, կրկին ակտիվացնում է Մետաքսի ճանապարհը, որը դարեր շարունակ եղել է մշակույթների փոխանակման երթուղի: Այսպիսով, հարավում և հյուսիսում կստեղծվի կարևոր տարածաշրջանային համագործակցություն»…
Լավ է, չէ՞: Ընդ որում` հենց տնտեսական առումով, ինչն այդքան երկար քննարկվում էր հայ «փորձագետների» կողմից: Բայց սա դեռ վերջը չէ. մի քանի մտքերի էլ ծանոթանանք: «Բացի դրանից, Թուրքիան կարևոր մեկ այլ ծրագիր է իրականացնում` Մարմարան, որը ոչ այլ ինչ է, եթե ոչ թունել Բոսֆորի տակով... Սա պատմական Մետաքսի ճանապարհին հնարավորություն կտա անխափան գործել Ասիայից մինչև Եվրոպա, այն նախատեսում ենք ավարտել 2013-ին…հիմնականն այն է, որ Չինաստանից Լոնդոն մեկնող գնացքն անխափան գործի` ծովում մոտ 60 մետր խորությամբ անցնելով: Այս առանձնահատկության շնորհիվ, այո, Մարմարան կլրացնի Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղին»,- ասել է Թուրքիայի տրանսպորտի նախարարը, ով նաև բավական «այլ հետաքրքիր ծրագրերի» մասին է խոսել, որոնք Թուրքիան պատրաստվում է Ադրբեջանի հետ միասին գործի գցել: «Կարևորն այն է, որ դրանք միայն մեր երկու երկրները միմյանց չկապեն, այլ գլոբալ լինեն», եզրափակել է նախարարը` լուրջ հետևությունների առիթ տալով հայերիս:
Ի վերջո, անգամ եթե ժամանի էլ, Գյուլի հետ ֆուտբոլ նայելով հարց չես լուծի, աշխատել է պետք, ուղեղը լարել է պետք, իսկ դրանից ավելի` լեգիտիմության ռեսուրս ու վստահության քվե է անհրաժեշտ, որ մեր իշխանությունների դեպքում ավելի քան կասկածելի ու վիճարկելի է…
Գոհար ՍԻՄՈՆՅԱՆ

Դիտվել է՝ 6528

Մեկնաբանություններ